Մենք անառակ զավակ չենք, շնորհակալ ենք, բայց հորդորում եմ ՀՀ իշխանություններին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը․ ԱՀ նախագահ

11:11 • 07.08.23

2023 թվականին ՀՀ-ի կողմից Արցախին տրամադրվել է արդեն 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղել ենք Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը: Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք, իհարկե, շնորհակալ են, որովհետև այն վարկերը, որ տրամադրել է Հայաստանի բանկային համակարգն Արցախի տնտեսությանը, պետությանը, ՀՀ կառավարությունը վերցրել է:

«Մենք այդ գումարներն այսօր ուղղում ենք միայն ու միայն սոցիալական ուղղվածության: Մինչև 2022 թվականի շրջափակումը մենք ունեցել ենք հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որը հավասարվել էր 2019 թվականին: Մեր սեփական մուտքերը անցել էին 45 մլրդ-ից, և արդեն վերականգնվում էր Ացրախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեց մեր ողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության և նաև միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատևել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են», - ասաց Արցախի նախագահը:

Նրա խոսքով՝ մոտ 12 մլրդ դրամ հատկացվել է միայն բնակարանային ծրագրերի համար, մոտ 5 մլրդ դրամ տրվել է երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերելու համար:

«Ես ուզում եմ նաև մի թիվ հրապարակել։ Այն ընկերությունը Ստեփանակերտում գործող, որի հետ փոխկապացված եմ, նախկին Գինու գործարանը, միայն պատերազմից հետո 1,5 տարվա գործունեության արդյունքում պետությանը վճարել է մոտ 900 մլն դրամ: Մենք չենք հասկանում, որ վարկաբեկելով Արցախի իշխանություններին, կառավարության ղեկավարներին, արժեզրկելով նրանց դերը ընդհանուր այս ծանր իրավիճակում, դա հենց պետության կազմաքանդումն է: Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն և ցանկացած գործունեություն թափանցիկ ներկայացնել»,-ընդգծեց Արցախի նախագահը:

Նա կրկին շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Սփյուռքին, Հայաստանի կառավարությանն իր աջակցության համար՝ կոչ անելով չկասկածել, թե այդ գումարները օգտագործվում են անտեղի:

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» ստեղծագործությունը, երբ անառակ որդին փորձում է փոխհատուցել մորն իր արածների համար։

«Մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք, մենք մեր դիմադրելով, Արցախում ապրելով ոչ միայն մեր պարտքն ենք տալիս հայրենիքին, Սփյուռքին, այլեւ մարդկությանը: Մենք այդպես ենք հատուցում մեզ ուղղված միջոցները»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից պարբերաբար հնչող տարբեր հայտարարություններին՝ ԱՀ նախագահն ընգծեց, որ ուզում է հորդորել ՀՀ իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը:

«Արցախյան շարժումն սկսվել է 1988 թվականին ոչ թե մարդու, ոչ թե ղեկավարի կամ իշխանության, այլ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով, հայտարարություններով եւ այն որեւէ մեկ մարդու մենաշնորհ չէ: Ոզում եմ հորդորել ՀՀ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հարցով լինել շատ զգույշ, ոչ մեկ իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը: Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է և այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարել Արցախի ժողովուրդը, և որին սատար է կանգնում հայ ժողովուրդը»,- ասաց նա:

Մենք անառակ զավակ չենք, շնորհակալ ենք, բայց հորդորում եմ ՀՀ իշխանություններին զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը․ ԱՀ նախագահ