ԱՄՆ-ն սրում է իրավիճակն Անդրկովկասում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
ԱՄՆ վարչակազմը պետք է դադարեցնի Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումը խաթարելու փորձերը, ինչպես նաև հրաժարվի պատժամիջոցների մեղադրանքներից և սպառնալիքներից։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Եթե վարչակազմն իսկապես հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, ապա պետք է հրաժարվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղադրանքներից և սպառնալիքներից, չփորձի խաթարել մեր երկրի և Վրաստանի միջև հաստատված կապերը: Կարևոր է կենտրոնանալ գործնական աշխատանքի վրա Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների շրջանակում: Նախևառաջ պետք է աշխատել Թբիլիսիի և Սուխումի ու Ցխինվալի միջև ուժի չկիրառման վերաբերյալ իրավական պարտավորեցնող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Եվ ոչ թե սրել իրավիճակը, ինչը հիմա անում է ԱՄՆ-ն»,- ընդգծել է դիվանագետը։
Մեկնաբանելով 2008 թվականի օգոստոսին Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Պետդեպարտամենտի հայտարարությունը, նա նշել է, որ ԱՄՆ-ն «միտումնավոր կերպով գլխիվայր շրջում է իրավիճակը»։
«Նպատակը պարզ է՝ խեղաթյուրել այդ ողբերգության մասին ճշմարտությունը և մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Սակայն փաստերը հաստատում են, որ այդ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը կրում է Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին։ Դա եղել է նրա հանցավոր հրահանգով, երբ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծվել հարավօսական ժողովրդի դեմ»,- նշել է Անտոնովը։
«Վաղուց ժամանակն է, որ Վաշինգտոնը ընդունի, որ այս անմարդկային որոշումը նաև հենց ԱՄՆ-ի սխալ քաղաքականության արդյունքն էր: Ի վերջո, Արևմուտքն էր, որ իշխանության բերեց, իսկ հետո եռանդովաջակցեց Սահակաշվիլիի օդիոզ ռեժիմին և դեռ շարունակում է լոբբինգ իրականացնել այս գործչի շահերի համար, ինչպես վերջերս հաստատեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը», - ասել է դեսպանը:










