ԱՄՆ-ում քաղաքապետարանը բնակչի տունը սխալմամբ քանդելուց հետո նրանից 68,000 դոլար փոխհատուցում է պահանջում

16:15 • 09.08.23

ԱՄՆ-ում բնակվող տղամարդը, որի տունը քաղաքապետարանը սխալմամբ քանդել է, բախվել է անսպասելի պահանջի. այժմ նրանից պահանջում են փոխհատուցել քանդման ծախսերը՝ 68,000 դոլար:

Ինչպես գրում է Oddity Central-ը, Էվերեթ Տրիպոդիսն անշարժ գույք է ունեցել Ալտանտայի պատմական Ուեսթ Էնդ հատվածում, սակայն քաղաքապետարանն այն առանց զգուշացման քանդել է: Տեխնիկապես քաղաքապետարանը նախազգուշացմամբ նամակ է ուղարկել տան տիրոջը՝ պատճառաբանելով, որ այն պիտանի չէ բնակության համար: Սակայն քաղաքապետարանն իրականում նամակը սխալ հասցեով է ուղարկել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Տրիպոդիսը և նրա մայրը տունը ձեռք էին բերել որպես ներդրում և աշխատում էին դրա վերանորոգման վրա: Այժմ Ատլանտայի քաղաքապետարանը դատի է տալիս գույքի սեփականատիրոջը և սպառնում է բռնագանձել դատարկ հողը, եթե նա չհոգա քանդման ծախսերը՝ 68,000 դոլար:

Սեփականատերը հայց է ներկայացրել վնասի փոխհատուցման համար, սակայն Ատլանտայի քաղաքապետարանը ոչ միայն մերժել է վճարել՝ պնդելով, որ «իրենք չեն կարող պատասխանատվություն կրել իր կատարվածի համար և, հետևաբար, չեն կարող փոխհատուցել», այլև վերջերս նրա դեմ հայց է ներկայացրել՝ սպառնալով բռնագանձել իր գույքը, եթե նա չի վճարում քանդման ծախսերը:

«Երբ տեսա, որ քաղաքապետարանից նամակ է եկել, բավականին հուզվեցի։ Մտածեցի՝ գուցե դա ներողություն էր կամ չեկ: Միգուցե նրանք պատրաստվում էին արդարացիորեն փոխհատուցել ինձ: Բայց, բացեցի ու հասկացա, որ ինձ դատի են տալիս», - պատմել է տղամարդը։

Ինքը՝ Էվերեթ Տրիպոդիսը, արդեն դատի էր տվել քաղաքապետին իր գույքի անօրինական քանդման համար։

ԱՄՆ-ում քաղաքապետարանը բնակչի տունը սխալմամբ քանդելուց հետո նրանից 68,000 դոլար փոխհատուցում է պահանջում