Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին է դիմել առաջին կուսակցությունը, առաջադրումների հիմնական հոսքը կլինի շաբաթ և կիրակի օրերին․ Վահագն Հովակիմյան

13:57 • 10.08.23

Այսօր՝ օգոստոսի 10-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին է դիմել առաջին կուսակցությունը՝ «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿՀԸ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ընդգծելով, որ քիչ առաջ է ստացել այդ տեղեկությունը։

«Այս պահին մուտք են արվում «Հայաստանի Եվրոպական կուսակցության» փաստաթղթերը։ Եթե չեմ սխալվում այս պահին գործընթացը դեռ ավարտված չէ»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ առաջադրման համար միայն երեք օր է մնացել, մինչդեռ ընտրություններին իրենց մասնակցության մասին հայտարարած ուժերը դեռ իրենց թեկնածությունը պաշտոնապես չեն առաջադրել, Հովակիմյանը պատասխանեց, որ, որպես կանոն, ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերի հանձնումը տեղի է ունենում հիմնականում վերջին օրը։

Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ կուսակցությունները մինչև վերջին օրն աշխատում են փաստաթղթերի և տեղեկանքների վրա, իսկ համամասնական ցուցակներում մինչև վերջին պահը կարող են համարների տեղաշարժեր ու փոփոխություններ լինել։

«Առաջադրումների հիմնական հոսքը լինելու է շաբաթ և կիրակի օրերին»,- հավելեց նա։

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին է դիմել առաջին կուսակցությունը, առաջադրումների հիմնական հոսքը կլինի շաբաթ և կիրակի օրերին․ Վահագն Հովակիմյան