Էկվադորում հանրահավաքից հետո սպանել են նախագահի թեկնածուին

10:37 • 10.08.23

Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն սպանվել է մայրաքաղաք Կիտոյում նախընտրական հանրահավաքից հետո։ Մահափորձն իրականացվել է ընտրություններից մի քանի օր առաջ, հաղորդում է dw.com-ը։

Նրա մահը հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին, հաստատել է Էկվադորի ղեկավար Գիլերմո Լասսոն։ Նախագահի խոսքով՝ ինքը «վրդովված ու ցնցված է սպանությունից»։ Լասսոն համերաշխություն և ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի կնոջն ու դուստրերին և վստահեցրել, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։

«Կազմակերպված հանցավորությունը շատ հեռուն է գնացել, մարդասպանները կկանգնեն օրենքի ողջ բեռի առաջ»,-հավելել է պետության ղեկավարը։

El Universo թերթի տվյալներով՝ 59-ամյա Վիլյավիսենսիոն սպանվել է երեք կրակոցով։ Հրատարակության աղբյուրների նախնական տվյալների համաձայն՝ տուժել է ութ մարդ, նրանցից յոթը հոսպիտալացվել են։

Ազգային ոստիկանությունը գործողություն է սկսել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, փակել է փողոցները դեպքի վայրում։

Ըստ հարցումների՝ Վիլյավիսենսիոն չորրորդ տեղում էր նախագահի ութ թեկնածուների շարքում:

Էկվադորում արտահերթ ընտրությունները նշանակված են օգոստոսի 20-ին։

Էկվադորում հանրահավաքից հետո սպանել են նախագահի թեկնածուին