ՀԴԲ-ի գործակալները գնդակահարել են Բայդենին սպառնալիքներ հնչեցրած ամերիկացուն

15:20 • 10.08.23

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնել է, որ Յուտա նահանգի մի բնակիչ, որը սպառնացել է նախագահ Ջո Բայդենին և պետական այլ պաշտոնյաների, գնդակահարվել և սպանվել է խուզարկության ժամանակ: Ըստ KSL հեռուստաալիքի և AP գործակալության, տղամարդու անունը Քրեյգ Ռոբերտսոն էր։ Նա 75 տարեկան էր։

«Չորեքշաբթի, օգոստոսի 9-ին, առավոտյան ժամը 6:15-ին, ՀԴԲ-ի գործակալները գնացել են Ռոբերթսոնի՝ Պրովոյում (Յուտա) գտնվող տուն, որպեսզի հանձնեն ձերբակալման և խուզարկության հրամանը: Խուզարկության ժամանակ Ռոբերթսոնին գնդակահարել են»,- հայտնել է ՀԴԲ-ն KSL-ին:

Ըստ AP-ի աղբյուրների՝ տղամարդն այդ ժամանակ զինված է եղել:

Դաշնային դատարանի կողմից տրված ձերբակալման հրամանը ցույց է տալիս, որ Ռոբերտսոնը սպառնալիքներ է հնչեցրել դաշնային իրավապահ մարմինների և նախագահի հասցեին: Սպառնալիքներն ուղղված են եղել ոչ միայն Ջո Բայդենին, այլև փոխնախագահ Կամալա Հարիսին, գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդին, Նյու Յորքի դատախազ Էլվին Բրեգին, Նյու Յորք նահանգի դատախազ Լետիցիա Ջեյմսին:

AP-ն նշում է, որ օգոստոսի 9-ին ԱՄՆ նախագահը մեկնել է Յուտա՝ այցելելու Սոլթ Լեյք Սիթիում գտնվող հիվանդանոց, որտեղ բուժվում են պատերազմի վետերանները։ Ջո Բայդենի ուղևորության մասին հրապարակումից հետո Քրեյգ Ռոբերտսոնը սոցիալական ցանցերում գրել էր, որ «սկսում է սրբել դիպուկահար հրացանի վրայի փոշին»:

Գործակալության տվյալներով՝ իր սոցիալական ցանցերում Ռոբերտսոնը հաճախ էր աջակցություն հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա իրեն անվանել էր «ՄԱԳԱ Թրամփեր»՝ հղում անելով Թրամփի «Ամերիկան կրկին հզոր դարձնենք» կարգախոսին:






ՀԴԲ-ի գործակալները գնդակահարել են Բայդենին սպառնալիքներ հնչեցրած ամերիկացուն