Կիմ Չեն Ընը կոչ է արել արագացնել տարբեր տեսակի զենքերի և սարքավորումների զանգվածային արտադրությունը

10:52 • 10.08.23

Հյուսիսային Կորեայում փոխվել է Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոչ է արել «ռազմարդյունաբերության բոլոր ձեռնարկություններին արագացնել տարբեր տեսակի զենքերի ու սարքավորումների զանգվածային արտադրությունը»։

Ինչպես հայտնում է dw.com-ը, փոխմարշալ Լի Յոն Գիլը նշանակվել է Կորեայի ժողովրդական բանակի շտաբի նոր պետ՝ փոխարինելու այս պաշտոնը զբաղեցրած Պակ Սու Իրին։ Այս մասին օգոստոսի 10-ին, հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Մինչդեռ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել ավելի շատ ռազմական նախապատրաստություններ իրականացնել «հարձակողական եղանակով», հաղորդում է AFP-ն:

Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի նիստի օրակարգը եղել է «լիարժեք ռազմական պատրաստության հարցը», այդ թվում՝ «ավելի հզոր հարվածային հնարավորություններ ապահովելը»։

«Կիմ Չեն Ընը կոչ է արել ռազմարդյունաբերության բոլոր ձեռնարկություններին արագացնել տարբեր տեսակի զենքերի և սարքավորումների զանգվածային արտադրությունը։ Նա նաև հորդորել է ակտիվորեն իրականացնել իրական զորավարժություններ՝ զենքի և տեխնիկայի նորագույն մոդելներն արդյունավետ գործարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։




Կիմ Չեն Ընը կոչ է արել արագացնել տարբեր տեսակի զենքերի և սարքավորումների զանգվածային արտադրությունը