Երևանում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ

21:30 • 11.08.23

Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի առաջին տասնօրյակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ: Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 կազմակերպություն։

Կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ իրականացնելու ընթացքում արձանագրվել է սահմանված նորմերի խախտման 5 դեպք։

Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազ, խիճ, հողային զանգված տեղափոխող տարբեր մակնիշի 14 բեռնատար ավտոմեքենայի վարորդ ևս ենթարկվել է վարչական տուգանքի։

«Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական լայնածավալ միջոցառումները շարունակվում են, իրականացվում են նաև բացատրական աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երևանում փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում արձանագրել են մի շարք իրավախախտումներ