Խոր Վիրապի ցուցանակը մի հատ նայեք, երաշխավորում եմ՝ առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը. Փաշինյան 

13:13 • 11.08.23

Կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետն անդրադարձավ վերջին օրերին մարզեր կատարած իր այցի արդյունքներին ու արձանագրած խնդիրներին.

«Խոր Վիրապը ՀՀ ամենահիշարժան, հայտնի վայրերից է. պարո՛ն նախարար, պարո՛ն մարզպետ, Խոր Վիրապի ցուցանակը մի հատ նայեք: Երաշխավորում եմ, որ առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը,  ոչ մեկի մտքով չի անցնո՞ւմ։

Այդ ցուցանակին նայելով ոչ ոք գլխի չի ընկնի, որ դա Խոր Վիրապն է։ Կամ նայում ենք մեր բնակավայրերի ճանապարհը ցույց տվող ցուցանակները, ասֆալտի ճաքերը, փոսերը, ո՞վ է զբաղվելու դրանցով»,- բարկացավ Փաշինյանը։

Վարչապետը նաև արձանագրեց, որ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն էլ որակյալ չեն արվում, փոսերը շարունակում են չլուծված խնդիր մնալ։

«Որպես վարորդ եմ եղել, բայց այդպիսի կիլոմետր չկա, որ փոս չլինի։ Դիլիջան-Իջևան ճանապարհին այդպիսի կիլոմետր չկա, որի վրա փոս չկա։

Ո՞վ է զբաղվում դրանով, կամ ինչի՞ պետք է, որ երկրի վարչապետն այս թեմային անդրադառնա։ Սա նշանակում է, որ ինչ-որ մարդիկ իրենց աշխատանքները չեն կատարում»,- վրդովվեց կառավարության ղեկավարը։

Խոր Վիրապի ցուցանակը մի հատ նայեք, երաշխավորում եմ՝ առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը. Փաշինյան