Եթե մարդը չափահաս է ու որոշել է ծրագրից օգտվելով երեխա ունենալ, ինչո՞ւ ենք տարիքային շեմ սահմանում․ Նիկոլ Փաշինյան

12:17 • 11.08.23

Հիմա չենք կարող մարդկանց ստիպել, ասել` գնացեք ամուսնացեք, ուզում են՝ ամուսնանում են, չեն ուզում՝ չեն ամուսնանում, ուզում են երեխա ունենալ՝ ունենում են, չեն ուզում՝ չեն ունենում: Այս մասին այսօր Կառավաչության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Անպտուղ զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին:

«Եթե մարդը 27 տարեկան է ու ուզում է դիմել ծրագրին, ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ ենք տարիքային շեմ սահմանում: Մարդը չափահաս է, որոշում է կայացրել, ուզում է ծրագրից օգտվել, ինչո՞ւ չի կարող»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ծրագիրը վաղուց կա, սակայն նա նոր է նկատում, որ տարիքային շեմ են սահմանել:

«Եթե մարդը չափահաս է ու որոշել է ծրագրից օգտվելով երեխա ունենալ, մենք ինչո՞ւ ենք ասում՝ չէ դու 36 տարեկան պետք է լինես, որ կարողանաս դիմել»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վարչապետի հարցադրումներին ի պատասխան ասաց, որ կարող են դիտարկել նաև այս տարբերակը:

Եթե մարդը չափահաս է ու որոշել է ծրագրից օգտվելով երեխա ունենալ, ինչո՞ւ ենք տարիքային շեմ սահմանում․ Նիկոլ Փաշինյան