Երևանը կոչ է անում Բաքվին` զերծ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից․ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ կառավարության ուղարկած հումանիտար բեռը` 19 ավտոմեքենայով, դեռ Կոռնիձորում է արդեն 16 օր։
Փաշինյանի գնահատմամբ՝ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելափակելը չի տրվում ոչ մի բացատրության։
«Եթե մի պահ Ադրբեջանի այս գործելակերպը չդիտարկենք ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքստում, ապա այլ բացատրություն չկա, թե ինչու թույլ չեն տալիս, որ հումանիտար բեռները մուտք գործեն ԼՂ»,- հավելեց գործադիրի ղեկավարը։
Ըստ Փաշինյանի՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Նա նշեց, որ ՀՀ-ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և պաշտոնական Բաքվին կոչ է անում․
«Երևանը կոչ է անում պաշտոնական Բաքվին` զերծ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- կոչ արեց Փաշինյանը։










