Հարկերը պետք է տաք, այդ գումարը մի գրպանից հանեք, դրեք՝ մյուսը, պետբյուջեն ձեր ամենամեծ գրպանն է․ Փաշինյան

12:36 • 11.08.23

Մեր ռազմավարական մոտեցումն է՝ փոխել կամ բարելավել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ։ Այս մասին Կառավարության նիստին՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ պետական բյուջեի հաշվին կրկնապատկում են ուսուցիչների աշխատավարձերը, կրկնապատկում են նաև բանակում ծառայողների, ինչպես նաև ուժային կառույցների ծառայողների աշխատավարձերը։

Փաշինյանը նաև հայտնեց, որ ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված է, որ ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն պետք է ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղին։

Գործադիրի ղեկավարը նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի հարկային եկամուտները գերակատարվել են շուրջ 50 մլրդ դրամով։ Սակայն Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանում շարունակում է էական ստվեր գոյություն ունենալ։

«Ինչքան մեծ է ստվերը, այդ ստվերի չափով մենք փոքրացնում ենք Հայաստանի զարգացման հնարավորությունները։ Մենք վճռական ենք, որ պետք է գնանք ստվերի հետևից և ստվերը կրճատենք այնքանով, որքանով այն տեսականորեն և գործնականորեն հնարավոր է»,-նշեց նա։

Փաշինյանը խոսեց նաև բնակարանների վարձակալությունից և շեշտեց, որ այսօր բնակարանները վարձակալության են տալիս և եկամուտ ստանում, բայց հարկերը չեն վճարում։ Ըստ Փաշինյանի՝ գործող օրենքով նրանք պետք է հարկ վճարեն։

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք բնակարան են տվել վարձով և հարկ չեն վճարել, իրենք օրենքը խախտել են, դա պրոբլեմ է, մենք հիմա փորձում ենք այդ վարչարարությունն ուժեղացնել։ Մենք գիտենք, որ շուկայում աշխուժություն կա։ Հարկերը պետք է տաք, այդ գումարը մի գրպանից հանեք, դրեք մյուս գրպանը, պետբյուջեն ձեր ամենամեծ գրպանն է»,-ասաց Փաշինյանը։

Հարկերը պետք է տաք, այդ գումարը մի գրպանից հանեք, դրեք՝ մյուսը, պետբյուջեն ձեր ամենամեծ գրպանն է․ Փաշինյան