ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են վերջ տալ սովը զենքի վերածելու գործընթացին, ինչն Ադրբեջանն օգտագործում է էթնիկ զտումների և ցեղասպանության համար. Մարուքյան

13:59 • 13.08.23

Միջազգային հանրությունը, մասնավորապես`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, կարող են վերջ տալ սովը զենքի վերածելու գործընթացին, ինչն Ադրբեջանի կողմից որպես լծակ է օգտագործվում էթնիկ զտումների և ցեղասպանության համար: Այս մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Այս մարդասիրական շարասյունը դեռ այստեղ է ՝ սպասելով, թե երբ կհասնի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որպեսզի բավարարի նրանց ամենատարրական կարիքները և դադարեցնի սովը: Սակայն Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, արդեն ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

120,000 մարդ, որից 2000-ը` հղի կանայք, 30,000-ը՝ երեխա, 20,000-ը՝ տարեց և 9000-ը՝ հաշմանդամ, տառապում են թերսնուցումից և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, կարող են վերջ տալ սովը զենքի վերածելու գործընթացին, ինչն Ադրբեջանն օգտագործում է որպես լծակ էթնիկ զտումների և ցեղասպանության համար», - գրել է Մարուքյանը՝ դիմելով ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին, Ֆրանսիայի նախագահին, Գերմանիայի կանցլերին, Եվրոպական խորհրդի նախագահին և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարին:

Նշենք, որ Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Օգնությունը դեռ տեղ չի հասել․ բեռնատարներն անցել են հայկական անցակետն ու արդեն երկու շաբաթ է կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի սկզբնամասում։ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքն Արցախ Լաչինի միջանցքով։ Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը սադրանք է որակել, մեղադրելով, թե Երևանը առանց իր հետ համաձայնեցնելու ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ սա «ոտնձգություն» է իր «տարածքային ամբողջականության» հանդեպ։ Բաքուն առաջարկում է օկուպացված Ակնայով (Աղդամով) հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին:

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։ Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։ Հունիսի 25-ից վերականգնվել է միայն բուժառուների տեղափոխումը Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ։


 

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կարող են վերջ տալ սովը զենքի վերածելու գործընթացին, ինչն Ադրբեջանն օգտագործում է էթնիկ զտումների և ցեղասպանության համար. Մարուքյան