Ռուսաստանն իր հանձնառությունները պետք է կատարի, հակառակ դեպքում կդառնա Արցախում հայերի ցեղասպանության հանցակիցը․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան առջև
«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հերթական պիկետն է կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև։
Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հավաքված քաղաքացիներին տեղեկացրեց, որ եկել են այստեղ կարևոր հայտարարություն հղելու ՌԴ-ին՝ դեսպան Կոպիրկինի միջոցով։
Նա, դիմելով ՌԴ դեսպանին, ասաց, որ «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը դիմում է նրան՝ Արցախում ստեղծված ծանր իրավիճակով պայմանավորված։ Նախաձեռնության անդամը նշեց, որ ռուսական Զինված ուժերի ներկայությունն Արցախում պետք է պատնեշ լինի ճնշման ցանկացած ձևի դեմ, սակայն, ռուս խաղաղապահների՝ Արցախ մուտք գործելուց ի վեր ականատես ենք մի սարսափելի գործընթացի, որի ընթացքում հայ ժողովուրդն Ադրբեջանի կողմից ենթարկվում է հայաթափման։
«Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանության մինչ այս պահն արված հայտարարությունները կամ մեկնաբանությունները, որոնցում Արցախը նշվում է Ադրբեջանի իրավազորության ներքո անթույլատրելի են։ Անթույլատրելի է նաև, որ ռուսական ուժերի վերահսկողության ներքո արցախահայությունն Ադրբեջանի կողմից ենթարկվում է պաշարման և ցեղասպանության։ Սա հիմք է ստեղծում Ռուսաստանին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը մեղսակից համարելու համար։ Ռուսաստանը` որպես շրջափակում տեսած և դրանից տուժած պետություն, պետք է, որ շատ լավ գիտակցի ու պատկերացնի դրա անթույլատրելիությունը»,- հայտարարեց Այվազյանը։
Նախաձեռնության անդամները պահանջեցին, որ Ռուսաստանն իր հանձնառությունները հրատապ կատարի մարդկության առաջ, հակառակ դեպքում կդառնա Արցախում հայերի ցեղասպանության հանցակիցը։
Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն։










