Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային տնտեսական օգնություն է առաջարկել ապամիջուկայնացման դիմաց

13:28 • 15.08.23

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ցանկանում է իրականացնել անցյալ տարի իր առաջարկած նախաձեռնությունը և վերակառուցել Հյուսիսային Կորեայի տնտեսությունը, եթե Փհենյանը միջուկային զենքից հրաժարվելու քայլեր ձեռնարկի:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap-ի հրապարակումը:  

Ճապոնական տիրապետությունից Կորեական թերակղզու ազատագրման տարեդարձի առթիվ իր ելույթում Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ համառորեն աշխատում է այդ նախաձեռնության վրա:

«Մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ, որպեսզի Հյուսիսային Կորեայի իշխանություններին ստիպենք հրաժարվել իր միջուկային և հրթիռային ծրագրերն առաջ տանելուց, ընտրեն երկխոսության և համագործակցության ուղին, որի շնորհիվ կբարելավվի երկրի բնակչության կյանքը», - մեջբերել է Yonhap գործակալությունը նախագահի խոսքը:

Միևնույն ժամանակ Յուն Սոկ Յոլն ասել է, որ ԿԺԴՀ-ի «հրթիռամիջուկային սպառնալիքի» վերացման համար անհրաժեշտ է Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև Փհենյանի հրթիռների վերաբերյալ տվյալների փոխանակում իրական ժամանակում: Իր խոսքում Յուն Սոկ Յոլը նաև Ճապոնիան անվանել է կարևոր գործընկեր տնտեսության բնագավառում և անվտանգության ոլորտում։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի տարածքում ՄԱԿ-ի Հրամանատարության յոթ «թիկունքային բազաների» առկայությունը «Հարավային Կորեա հյուսիսկորեական ներխուժումը» զսպելու կարևոր գործոն է։

Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման դիմաց տնտեսական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը Հարավային Կորեայի ղեկավարն առաջին անգամ ներկայացրել է 2022 թվականի օգոստոսի 15-ին: Այդ առաջարկից մի քանի օր անց Կիմ Յո Չժոնը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, ասել էր, որ Փհենյանը երբեք չի ընդունի այդ առաջարկը:

Հարավային Կորեայի նախագահը Հյուսիսային Կորեային տնտեսական օգնություն է առաջարկել ապամիջուկայնացման դիմաց