Ժամանակն է հստակեցնելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետևանքի հարցը․ Տիգրան Աբրահամյան
Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն իրականացնելու գործառույթ էր ստանձնում, և´ իշխանությունը, և´ ԵՄ պաշտոնյաները կարևորում էին դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետև պարեկության գրաֆիկի վերաբերյալ ԵՄ-ից տեղեկատվություն փոխանցվում է նաև Ադրբեջանին:
Վերջին օրերին, երբ առաջնագծում որոշակի ակտիվություն է դիտվում և կրկին առաջին պլան է եկել հնարավոր լարվածության նոր ալիքի մասին կանխատեսումներ, ժամանակն է ճշգրտելու-հստակեցնելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետևանքի հարցը:
Կոպիտ ասած, պետք է հասկանալ, թե ինչ է տալիս ՀՀ-ին այդ առաքելությունը ռազմական կամ քաղաքական տեսանկյունից, որպեսզի վերջում չպարզվի, որ որևէ խնդիր չենք լուծենք և Հայաստանին զուտ ՌԴ-Արևմուտք դիմակայության հետևանքն է «նվեր» մնացել», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Այս հայտարարությունից հետո ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հերքեց այդ տեղեկությունը, սակայն որոշ ժամանակ անց ջնջեց այդ գրառումն ու հաստատեց միջադեպի փաստը։










