Արցախցի ակտիվիստներն արգելափակել են ՌԴ խաղաղապահների ռազմաբազայի մուտքը

10:06 • 16.08.23

Գիշերվանից արցախցի  ակտիվիստները շարունակում են  արգելափակել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։

Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ֆեյսբուքի էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։

Նա կոչ է արել արցախցիներին՝ ժամը 19։00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և միասին լինել Իվանյանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դիմաց։ Նրանք պահանջում են Ռուսաստանից՝ կատարել պարտականությունները և ապահովել Լաչինի միջանցքի անխափան երթևեկությունը։

Բացի այդ, ակցիայի կազմակերպիչները նշել են, որ այսուհետ իրենք են վերահսկելու ռուս խաղաղապահների տեղաշարժը։

Առավոտյան խաղաղապահները փորձել են բացել ռազմաբազայի մուտքը, սակայն չի հաջողվել։