Դատարանը մերժել է «5-րդ ալիք»-ի հայցն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի
2022 թվականի դեկտեմբեր ամսին «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։
«5-րդ ալիք»-ը Երևանի ընդհանուր իրավասության դատարան էր դիմել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջով։
Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ 2022 թվականի նոյեմբերի 7-ին Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արձագանքելով «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցերին, հիշեցրել էր, որ հեռուստաընկերության սեփականատերը ապօրինի գույք ունի։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մուրադ Հովակիմյանի, սույն թվականի հուլիսի 21-ին վճռել է «Շարկ» ՍՊԸ-ի (5-րդ ալիք) հայցն ընդդեմ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին մերժել:










