Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 110-ը
Հավայան արշիպելագի Մաուի կղզում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 110-ը։ Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Մաուիի շրջանի իշխանություններին՝ անտառային հրդեհներն առնվազն 111 մարդու կյանք են խլել։
Մաուի շրջանի ոստիկանապետ Ջոն Պելետիերի խոսքով՝ նման մասշտաբների անտառային հրդեհներն աննախադեպ են, նման խնդրի դեռ երբևէ որևէ մեկը չի բախվել։
Օգոստոսի 16-ի դրությամբ՝ որոնողական աշխատանքներ են իրականացվել կղզու հրդեհված գոտու միայն 38%-ի հատվածում, սակայն իշխանությունները հույս ունեն որոնողական աշխատանքների մեծ մասն ավարտել մինչև շաբաթվա վերջ։
Առայժմ հայտնի չէ, թե քանի անհետ կորած կա, սակայն Հավայիի նահանգապետ Ջոշ Գրինը հայտնել է, որ նրանց թիվը, հնարավոր է, շուրջ 1000 է։ Նահանգապետը նահանգի գլխավոր դատախազին հանձնարարել է ստուգել տեղական իշխանությունների գործողությունները տարերային աղետի ժամանակ։ Դա կապված է, ի թիվս այլ հարցերի, ազդարարման համակարգի աշխատանքի առնչությամբ հնչած քննադատությունների հետ. հրդեհների ժամանակ ազդանշանների զգալի մասը լռում էր:
Կղզու արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Գերման Անդայիի խոսքով՝ ազդանշանները, որպես կանոն, օգտագործվում են վերահաս ցունամիի մասին նախազգուշացնելու համար, և եթե դրանք հնչեին, մարդիկ կգնային լեռան լանջ, որտեղ հրդեհներն ամենաուժեղն էին։
Հավայան Մաուի և Մեծ կղզիներում հրդեհները սկսվել են օգոստոսի 8-ին չոր և շոգ եղանակի հետևանքով ու սաստկացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու պատճառով: Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքը։ Իշխանությունները ստիպված են ճանապարհներ փակել, հասարակական տրանսպորտը չի աշխատում, տեղի բնակիչները տարհանվել են։










