Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի

13:50 • 17.08.23

Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգներում հորդառատ անձևրևների և դրանց հաջորդած սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 81 մարդ, հայտնում է India Today-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր 66 զոհի մասին։

Օգոստոսի 12-ին և 13-ին վերանշյալ նահանգներում տեղատարափ անձրևներ են տեղացել: Դրանք հանգեցրել են սողանքների և տների ավերման։ Վերջին տվյալներով կա 81 զոհ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած։

Հունիսի վերջից սկսված անձրևների սեզոնի ընթացքում Հիմաչալ Պրադեշում գրանցվել են 743 մմ տեղումներ, այսինքն`ավելի շատ, քան անցյալ տարվա ամբողջ մուսսոնային անձրևների ժամանակ՝ հունիսից սեպտեմբեր, երբ գրանցվել են 730 մմ տեղումներ։ Ըստ նահանգի արտակարգ ծառայությունների՝ հունիսից նահանգում 214 մարդ է մահացել անձրևների հետ կապված միջադեպերի հետևանքով։ Օդերևութաբանները հուլիսը համարում են տարածաշրջանի համար ռեկորդային վերջին 50 տարվա ընթացքում:

Հիմաչալ Պրադեշի գլխավոր նախարարի գնահատմամբ` հուլիս-օգոստոս ամիսներին վատ եղանակը նահանգին հասցրել է 1 միլիարդ դոլարի վնաս: Նրա խոսքով՝ անձրևների հետևանքների վերացման համար կպահանջվի մեկ տարի։

Երկու նահանգներում առատ տեղումների պատճառով փակ է ճանապարհների մի մասը։ Տեղի իշխանությունները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին ձեռնպահ մնալ Հիմաչալ Պրադեշ ուղևորություններից։ Օդերևութաբանները մինչև օգոստոսի 19-ը տարածաշրջանում անձրևային եղանակ են կանխատեսում:

Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի