ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի արգելափակման ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է․ Փաշինյան (տեսանյութ)

11:42 • 17.08.23

Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ հրատապ քննարկում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե ամփոփելու լինենք քննարկումը՝ կարող ենք արձանագրել հետևյալը․ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ ՀՀ-ի հանրությանը կարող է թվալ, թե սա արձանագրում եմ որպես ԱԽ-ում տեղի ունեցած քննարման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ ու շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ»,- ասաց նա։

Փաշինյանն արձանագրեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը։

«Քննարկումը հաստատեց նաև, որ ԼՂ-ի 120,000 բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Ընդունվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել։ Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արելափակման ու դրա հետևանով ԼՂ-ում հաստատված հումանիատար ճգնաժամի վերաբերյալ, բարձրաձայնված է։ Միջազգային հանրության կողմից նաև հավաքական կոչ է հնչել վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Այդ կոչն այս պահի դրությամբ իրագործված չէ ու 22 բեռնատար շուրջ 400 տ բեռով Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մուտքի հնարավորությանը, մինչդեռ հումանիտար իրավիճակը ԼՂ-ում օր օրի սրվում է, միևնույն ժամանակ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակահերթերի տակ, որպեսզի բերքահավաք իրականացնելու հնարավորոթյուն չունենան։ Ադրբեջաը մի կողմից արգելափակել է ՀՀ կառավարության կողմից 100 տ ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդն իր ցանած հացահատիկը հավաքի ալյուր ունենալու համար»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանի խոսքով՝ այս փաստը հիմնավորում է միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովամահության ենթարկելու միջոցով ցեղասպանության է ենթարկում։

«Կարծում եմ միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա այս ընկալման վրա։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանաերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում։ ՀՀ-ն շարունակում է վերահաստատել իր հավատարմությունը խաղաղության օրակարգին ու պաշտոնական Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

ՄԱԿ-ի ԱԽ-ում Լաչինի միջանցքի արգելափակման ու հումանիտար ճգնաժամի վերաբերյալ ճշմարտությունը բարձրաձայնված է․ Փաշինյան (տեսանյութ)