Ունենք մաշված համակարգ, սեզոնայնությունից կախված՝ խնդիրները շատանում են․ ՀԾԿՀ նախագահը՝ ջրանջատումների մասին

12:57 • 17.08.23

Կապված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետև ջրապահանջարկը ավելանում է, համակարգի ճնշումը ավելանում է, որ ջուրը հասնի սպառողներին ու համակարգի մաշվածության պատճառով վթարները էականորեն շատանում են։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում ջրանջատումների ծավալի մեծացմանը ու «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքների վերսկսմանը, ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Տուգանքները ավտոմատ են և եթե սպասարկման կամ ժամի հետ կապված խախտումներ են լինում, ավտոմատ տուգանքներ են կիրառվում, դա արվում է սպառողի հարմարավետության համար։ Տուգանքը ավտոմատ վճարվում է սպառողի հաշվին»,- ասաց նա։

Բաղրամյանը նշեց, որ ջրանջատումների մասին պետք է լինեն պարտադիր հրապարակումներ, իսկ չլինելու դեպքում իրականացվում են համապատասխան միջոցառումներ։

«Եթե կան կանոնների խախտումներ, անմիջապես հարուցվում է վարույթ և համապատասխան արձագանք է տրվում։ Ամառային սեզոնին այդ դիմումները շատանում են, ամռանը 10 դիմումից 8-ը վերաբերում է «Վեոլիա ջրին»։

Եկեք բոլորս էլ ընդունենք, որ ունենք մաշված համակարգ, ինչը պահանջում է մեծ ծավալի ներդրումներ, ինչ ծավալի ներդրում պետությունը իրեն կարողանում  է թույլ տալ, ըստ դրա էլ որակական փոփոխություններ ենք ունենում»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։

Ունենք մաշված համակարգ, սեզոնայնությունից կախված՝ խնդիրները շատանում են․ ՀԾԿՀ նախագահը՝ ջրանջատումների մասին