Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, որոնցից 2-ը երեխաներ են. Shamshyan.com (լուսանկարներ)

22:37 • 18.08.23

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում  Opel Astra մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է արգելապատնեշին և գլխիվայր շրջվել: Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վիրավորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք բոլորն ընտանիքի անդամներ են, Սպիտակ քաղաքի բնակիչներ, մահացածն էլ 39-ամյա Ա. Ս.-ն է:

Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել, կա 1 զոհ, 3 վիրավոր, որոնցից 2-ը երեխաներ են. Shamshyan.com (լուսանկարներ)