ՌԴ ՀՕՊ համակարգերը դեպի Մոսկվա թռչող ուկրաինական անօդաչու են խոցել․ Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմ էր հայտարարվել
ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը դեպի Մոսկվա թռչող ուկրաինական անօդաչու են խոցել։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այս գիշեր դեպի Մոսկվա թռչելու փորձի ժամանակ ՀՕՊ ուժերն անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Էքսպոկենտրոնի տարածքում, շենքին էական վնաս չի հասցվել»,- գրել է Սոբյանինը՝ հավելելով, որ նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունն իր թելեգրամյան ալիքում, հարձակման փորձը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի վաղ առավոտյան՝ ժամը 04։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 05։00)։ Նշվում է, որ ԱԹՍ-ի թիրախում էին Մոսկվայում և Մերձմոսկվայում գտնվող որոշ օբյեկտներ։
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության՝ «Ռոսավիացիա»-ի հաղորդմամբ՝ միջադեպից հետո «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում սահմանափակման ռեժիմ է հայտարարվել, սակայն այժմ օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։
«Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Մոսկվայի օդանավակայաններ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ինչպես նաև «Ժուկովսկի» օդանավակայան», - հայտնել են գործակալությունից։
Ինչպես մանրամասնել են «Ռոսավիացիա»-ում՝ սահմանափակումները չեղարկվել են ժամը 04։30-ին (երևանյան ժամանակով՝ 05։30)։ «Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, 7 չվերթ վերաուղղվել է այլ օդանավակայաններ։










