Գործատուն մեզ ասել է՝ պետք է ԱՁ բացենք, ինքն այս կերպ խուսափել է հարկերից, աշխատավարձ չենք ստացել․ կազմակերպության նախկին աշխատակիցն ահազանգում է

14:31 • 19.08.23

Մասնագիտությամբ վեբ կայքի ադմինիստրատոր Մանե Արզումանյանն աշխատավայրում ապօրինությունների է բախվել։

Նա Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախորդ տարվա փետրվարին որպես գրաֆիկ դիզայներ աշխատանքի է ընդունվել «Telesis Solutions» կազմակերպությունում, որը «Հայկ Գրուպ» ընկերության ենթակայության տակ է գործում։ Նշենք, որ Հայկ Վարդանյանի գլխավորած «Հայկ Գրուպի» ենթակայության տակ է նաև «Արտադրված է Հայաստանում - Made In Armenia», «Telesis Solutions», «Shipshop», «OMNI» և մի շարք այլ կազմակերպություններ։

Մեկ ամիս գրաֆիկ դիզայներ աշխատելուց հետո Մանե Արզումանյանը տեղափոխվել է IT բաժին՝ որպես վեբ կայքի ադմինիստրատոր։ Սկզբնական շրջանում աշխատավայրում ամեն ինչ հարթ է ընթացել, անգամ աշխատանքի ընդունման կարգից կասկածներ չեն ունեցել։ Սակայն, հետո Մանե Արզումանյանը և շուրջ 50 աշխատակից գլխի են ընկել, թե իրականում գործատուն ինչպես է իրենց հետ աշխատանքի ընդունման պայմանավորվածություններ ձեռք բերել՝ խուսափելով հարկային պարտավորություններից։

«Ինձ ասացին, որ պետք է ԱՁ բացեմ, բացատրությունն այն էր, որ իրենք այդպես են աշխատում, ասացին, թե ինչպես գնանք և ԱՁ-ը բացենք, մեր հաշվապահությանն այնտեղի հաշվապահությունից լիազորություն ենք տվել, որ իրենք կարողանան մեր անունով գործարք կատարել։ Ընկերությունը մեր անունով գործարք է կատարել, որպեսզի հարկերն իրենք վճարեն»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Մանե Արզումանյանը հոկտեմբերին արդեն եղել է որպես գրանցված աշխատակից։ Նա, սակայն, մի քանի ամիս աշխատավարձ չի ստացել։

Կազմակերպության գործերում անհաջողություններ են եղել, վերջինս էլ ֆինանսապես ի վիճակի չի եղել վճարել աշխատողներին։

«Հունվարին ստացել եմ աշխատավարձ, բայց փետրվարից գումար չեմ ստացել, աշխատել եմ մինչև ապրիլի վերջը և սեփական դիմումի համաձայն դուրս եկել։ Նշեմ, որ հատուկենտ մարդկանց են իրենք գրանցել, մեծ մասն այդպես էլ ԱՁ-ով են աշխատել։ Մարդիկ կային՝ խնդրում էին, որ իրենց գրանցեն, բայց չէին գրանցում։ Մի ժամանակահատվածում ՊԵԿ-ից տեսուչներ էին գալիս ստուգման, ինձ էլ դրա հետ կապված գրանցեցին։ Քանի որ մենք ԱՁ-ով էինք, իրենք ավելի քիչ էին հարկեր վճարում։ Իմ մաքուր աշխատավարձը միշտ եղել է 200000 դրամ, երբ ԱՁ-ով էի աշխատում 225000 էին տալիս, որից 25000-ը ես պետական հարկեր էի վճարում։ Երբ գրանցեցին, 270 000 էր գումարը, որից 70000 հարկերին էր գնում։ Իրենց ձեռնտու չէր, որ հարկեր ավելի շատ վճարեին, դրա համար ԱՁ-ով էին աշխատում»,- նշեց նա։

Գործատուն աշխատողներին պարբերաբար ասել է, որ աշխատավարձերը կվճարի, բայց ամեն անգամ աշխատավարձի տրամադրման վերջնաժամկետը հետաձգել է։

«Մի քանի հոգու նույնիսկ սպառնացել են, որ, եթե դատական գործընթացներ սկսվեն, առհասարակ գումար չեն ստանա»,-հավելեց նա։

Գործատուի կողմից ապօրինությունների բախված արդեն նախկին աշխատակիցը հրավիրում է նաև համապատասխան կառույցների ուշադրությունը։

Խնդրի հետ կապված պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել «Հայկ Գրուպ» ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանի հետ։ Նա, սակայն, մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Կապ հաստատելու դեպքում պատրաստ ենք խնդրի հետ կապված ներկայացնել նաև նրա պարզաբանումները։

Գործատուն մեզ ասել է՝ պետք է ԱՁ բացենք, ինքն այս կերպ խուսափել է հարկերից, աշխատավարձ չենք ստացել․ կազմակերպության նախկին աշխատակիցն ահազանգում է