Ինչո՞ւ է «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ից եկամուտ ստացող Անահիտ Ավանեսյանը անվավեր ճանաչել իր իսկ հրամանը, որով 1 մլրդ դրամի խախտում էր արձանագրվել «Նատալի ֆարմ»-ում
Tert.am-ն օրերս գրել էր, որ 2021 թվականին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ում արձանագրված 1 մլրդ դրամի խախտումը 1,5 տարի որևէ ընթացք չի ստացել: Մեր հարցմանն ի պատասխան ՊՎԾ-ից մեզ հայտնել էին, որ վարչապետի կողմից առողջապահության նախարարին տրված հանձնարարականի հիման վրա Երևանի մի շարք բժշկական կենտրոններում այդ թվում «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում անցկացվել է ուսումնասիրություն, սակայն նաև ավելացրել էին, որ խախտումների և դրանց հնարավոր ֆինասական հետևանքների մասին պաշտոնական տեղեկատվություն տրամադրելը նպատակահարմար չեն համարում:
Tert.am-ը դիմել էր նաև Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ «Նատալի Ֆարմ» ՍՊԸ «Աստղիկ» բժշկական կենտրոնում առողջապահության նախարարության կողմից ուսումնասիրություն չի իրականացվել։
Այնուհետև Tert.am-ին հաջողվեց գտնել տարբեր ԲԿ-ներում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանը՝ 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 3963-Ա, որը ուղարկեցինք Առողջապահության նախարարություն և զարմանք հայտնեցինք, թե սա ինչ հրաման է, եթե նախորդ մեր հարցմանն ի պատասխան նրանք մեզ հայտնել են, որ ուսումնասիրություն չի իրականացվել:
Այս անգամ ի պատասխան մեր հարցմանը Առողջապահության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային ծրագրի շրջանակներում 2020-2021 թվականների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մի շարք բժշկական հաստատություններում, այդ թվում նաև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնում ՊՎԾ-ի և ԱՆ-ի համատեղ ստեղծած հանձնաժողովների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ՝ Առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 3963-Ա հրամանի համաձայն։ Նախարարությունից նաև նշել են, որ վերոհիշյալ հրամանն անվավեր է ճանաչվել ԱՆ նախարարի 2022 թվականի մարտի 12-ի 1190-Ա հրամանով։
Այսպիսով ֆիքսվում է դեպքերի հետևյալ հաջորդականությունը՝ «Աստղիկ» ԲԿ-ում եղել է ստուգում, որի արդյունքում ըստ մեր աղբյուրի արձանագրվել է 1 մլրդ դրամի խախտում: Այս խախտմանը որոշ ժամանակ որևէ ընթացք չի տրվել, ապա ստուգումներ անցկացնելու մասին հրամանն անվավեր է ճանաչվել: Թե ինչու է նախարարը իր իսկ հրամանն անվավեր ճանաչել և ինչ խախտումներ են արձանագրվել մինչև հրամանի անվավեր ճանաչումը նորից հարցումով դիմեցինք Առողջապահության նախարարություն:
Հիշեցնենք նաև, որ Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը 50 տոկոս բաժնետեր է «Աբովյան 39» ՍՊԸ-ում։ Մինչև փոխնախարար նշանակվելը վերջինս հանդիսացել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրեն, և հենց վերջինիս կողմից է կնքվել ընկերության տարածքը «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին վարձակալությամբ հանձնելու պայմանագիրը: Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովից տեղակացել է, որ Անահիտ Ավանեսյանը այդ գործարքից տարեկան ստացել է 11 մլն 249 հազ դրամ եկամուտ:










