ԵԱՏՄ-ն հաջողությամբ հաղթահարում է ՌԴ–ի և Բելառուսի դեմ Արևմուտքի պատժամիջոցները. ՌԴ ԱԳՆ

17:48 • 19.08.23

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) հաջողությամբ հաղթահարում է Ռուսաստանի և Բելառուսի դեմ Արևմուտքի անօրինական պատժամիջոցները։

Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի Եվրասիական տնտեսական ինտեգրման բաժնի պետ Ալեքսանդր Ստարկովը Կազանում երիտասարդ դիվանագետների 6-րդ գլոբալ համաժողովի ժամանակ։

Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում, այս ամենը, ըստ նրա, իրականացվում է իրավական դաշտի շրջանակում։ Պատժամիջոցների շրջանցման մասին խոսք չկա, հնարավորություն կա հենց նվազագույնի հասցնելու դրանց բացասական հետևանքները, այդ թվում՝ ԵԱՏՄ դաշնակիցների համար։

Դիվանագետը նաև վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնք ցույց են տալիս ԵԱՏՄ–ի հաջողությունները։

«Հայաստանն ու Ղրղզստանը 2016 թվականից լրացուցիչ ստացել են ՀՆԱ-ի աճի 1,5 տոկոսային կետ, Բելառուսը՝ 4,9, իսկ Ղազախստանը՝ 0,5: Ցուցանիշները կարող են այդքան էլ էական չթվալ, բայց պետք է նկատի ունենալ, որ վերջին տարիների ընթացքում տնտեսական ոլորտում տիրող տուրբուլենտությունը շատ է ազդել նաև մեր միավորման զարգացման վրա»,- նշել է նա։

Ստարկովն ավելացրել է, որ միավորման շրջանակնում արդեն ստեղծվել են հազարավոր համատեղ ձեռնարկություններ, աճում է կուտակված փոխադարձ ներդրումների ծավալը, դրանք կազմել են մոտ 16 մլրդ դոլար։ Իսկ փոխադարձ առևտրաշրջանառությունը 2022 թվականին նոր ռեկորդ է գրանցել՝ 83,3 մլրդ դոլար։

ԵԱՏՄ-ն հաջողությամբ հաղթահարում է ՌԴ–ի և Բելառուսի դեմ Արևմուտքի պատժամիջոցները. ՌԴ ԱԳՆ