Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով վնասված դպրոցների մի մասը չի վերականգնվի մինչև ուսումնական տարվա սկիզբ
Ֆրանսիայում հունիսի վերջին և հուլիսի սկզբին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վնասված շուրջ 40 դպրոց չի վերականգնվի մինչև սեպտեմբերի 4-ը՝ ուսումնական տարվա մեկնարկը։ Այս մասին հայտնել է RTL ռադիոկայանը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ շենքերի վերականգնման ձգձգումները կապված են ծանր վնասների և ապահովագրական վճարների երկարատև ընթացքի հետ։
RTL-ն չի նշել երեխաների ստույգ թիվը, որոնք ստիպված կլինեն ուսումնական տարին սկսել այլ դպրոցներում։ Խոսքը գնում է մի քանի հարյուր աշակերտի մասին, հիմնականում տարրական դպրոցներից։
Իշխանությունները մտադիր են վերազինել որոշ դասարաններ այն դպրոցների ճաշարաններում, որոնք չեն տուժել։ Նախատեսվում է նաև կառուցել ժամանակավոր շենքեր, որտեղ դասեր կանցկացվեն։
Ֆրանսիայում զանգվածային անկարգությունները սկսել էին այն բանից հետո, երբ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանը կրակել ու սպանել է Mercedes մեքենա վարող 17-ամյա դեռահասին, որը հրաժարվել էր ենթարկվել իրավապահների պահանջներին։ Անկարգությունները տևել էին մի քանի օր, որի ընթացքում երկրում խոշոր ավերածություններ էին եղել։










