Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և ակտիվների ապասառեցման ժամկետների մասին
ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման շուրջ համաձայնությունները կիրականացվեն երկու ամսվա ընթացքում։
ТАСС գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Համաձայնագրերը կնքվել են այն հաշվարկով, որ դրանք իրականացվեն երկու ամսվա ընթացքում,- ասել է նա։ Մենք լավատեսությամբ ենք նայում դրանց ժամանակին իրականացման հեռանկարներին, քանի որ մեզ մոտ առկա տեղեկատվության համաձայն` այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում»:
Քանաանին նաև նշել է, որ բացի Կորեայի Հանրապետությունում սառեցված ակտիվներից, Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարևան Իրաքում։
«Այդ ակտիվների փոխանցման գործընթացն սկսվել է, և դրանց մի մասն արդեն դուրս է բերվել Իրաքի սահմաններից»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա մանրամասնություններ չի հայտնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման առաջիկա գործընթացի մասին։










