ՄԱԿ-ը մաշել է իր ատամները, պետք է սրենք․ բողոքի ակցիա՝ Երևանում

13:52 • 21.08.23

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը կոչ հղեց ՄԱԿ-ին` հիշեցնելով պարտավորությունների մասին, որոնք այդպես էլ չի կատարում։

«ՄԱԿ-ը մաշել է իր ատամները, մեր ատամները ևս մաշվել են՝ հուսալքության, ծուլության, անհաղորդության և անկարողության զգացումի պատճառով։ Մեր հոգիներում ռազմական դրություն է  հայտարարված 2020 թվականից սկսած, և ցեղասպանվելու վտանգը ստիպում է, որ մեր ատամները սրենք, և սրենք նաև ՄԱԿ-ինը»,- նշեց նա։

Այնուհետև նախաձեռնության անդամները ալյուր և հաց տեղադրեցին ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

«Հացը պետք է ՄԱԿ-ի միջոցով հասնի Արցախ, դա իրենց պարտավորությունն է, բայց հիմա նրանք ի վիճակի չեն դա անել։ Որոշում կայացնողներին պետք է ստիպել, ճնշել, որ բացեն Լաչինի միջանցքը, հումանիտար օգնություն տանեն մեր հայրենակիցներին։

ՄԱԿ ԱԽ խորհուրդը պարտավոր է օր առաջ իրականացնել Լաչինի միջանցքի բացումը։ Սա մեր պահանջն է։ Ամբողջ աշխարհը բարձրաձայնում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, բայց գործ չի արվում»,- հայտարարեց Նարեկ Այվազյանը։

ՄԱԿ-ը մաշել է իր ատամները, պետք է սրենք․ բողոքի ակցիա՝ Երևանում