Քիչ էր մնում՝ կորցնեի կնոջս ու կատվիս․ Բայդենը Հավայան կղզիներում ելույթի ժամանակ չափազանցված է ներկայացրել իր տանը բռնկված հրդեհի պատմությունը
Մահաբեր անտառային հրդեհներից տուժած Հավայան կղզիներոիմ իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է կիսվել տեղացիների հետ իր տանը բռնկված հրդեհի պատմությամբ, սակայն խեղաթյուրել է որոշ փաստեր։
Life.ru-ի հաղորդմամբ՝ Բայդենը պատմել է, որ հրդեհի հետևանքով քիչ էր մնում՝ կորցներ կնոջը՝ Ջիլլ Բայդենին, իր մեքենան ու կատվին։ Նրա խոսքով՝ միջադեպը, իբրև, տեղի է ունեցել 2008 թվականին։
«Կայծակը հարվածեց տանը, տան մոտ գտնվող փոքրից լճակին՝ վնասելով էլեկտրական լարերը։ Կարճ ասած՝ քիչ էր մնում՝ կորցնեի կնոջս, 1967 թվականի արտադրության Corvette-ը (ավտոմեքենան - խմբ․) և կատվիս»,- ասել է Բայդենը՝ շեշտելով, որ միջադեպը տեղի է ունեցել 15 տարի առաջ.
Այնուամենայնիվ, ինչպես պարզել է Associated Press-ը, միջադեպն իրականում տեղի է ունեցել 2004 թվականին, երբ ԱՄՆ գործող նախագահը դեռ սենատոր էր։ Դելավեր նահանգում գտնվող նրա տան խոհանոցում իսկապես ոչ մեծ հրդեհ էր բռնկվել կայծակի հարվածի հետևանքով, սակայն որևէ մեկը չի տուժել, և կրակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել ընդամենը 20 րոպեում։ Ընդ որում՝ Ջիլլ Բայդենը ոչ միայն չէր տուժել, այլև ինքն էր զանգահարել հրշեջ ծառայություն։
Հիշեցնենք, որ Հավայան արշիպելագի Մաուի կղզում բռնկված անտառային հրդեհները համարվում են ամենամահաբերն ԱՄՆ պատմության մեջ։ Վերջին տվյալներով՝ հրդեհների հետևանքով զոհվել է 110 մարդ, կան հարյուրավոր անհետ կորածներ։
Հավայան Մաուի և Մեծ կղզիներում հրդեհները սկսվել են չոր և շոգ եղանակի ու սաստկացել են «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամու պատճառով: Հրդեհը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ հայտնի զբոսաշրջային Լահայնա քաղաքը։ Իշխանությունները ստիպված են ճանապարհներ փակել, հասարակական տրանսպորտը չի աշխատում, տեղի բնակիչները տարհանվել են։










