Պակիստանում ճոպանուղով դպրոց գնացող երեխաները կախված են մնացել գրեթե 300 մ բարձրության վրա
Պակիստանում 6 երեխա և 2 ուսուցիչ կախված են մնացել կիրճում՝ 274 մ բարձրության վրա այն բանից հետո, երբ պոկվել է ճոպանուղու երկու ճոպաններից մեկը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ ուղղաթիռով «չափազանց վտանգավոր» փրկարարական գործողությանը խոչընդոտում են ուժգին քամիները։
Երեխաները, որոնք Բաթագրամի լեռնային շրջանում կիրճի վերևում ճոպանուղուց կախված են տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ից (Երևանի ժամանակով ժամը 6-ից), գնում էին ավագ դպրոց։
Պակիստանի աղետների կառավարման պետական վարչությունից հայտնել են, որ փրկարարական գործողությունների համար ուղարկվել է ռազմական երկու ուղղաթիռ, սակայն անսարքությունը վերացնել չի հաջողվել։ Ճոպանուղու նստարանը կախված է օդում՝ միայն մեկ ճոպանից։
Փրկարարական ծառայության պաշտոնյաներից մեկը Reuters-ին հայտնել է, որ երեխաներից մեկը շոգից և վախից ուշագնաց է եղել։ Նա նաև նշել է, որ փրկարարական գործողությունը բարդացել է ուժգին քամիների պատճառով, նաև այն պատճառով, որ ուղղաթիռների պտուտակների թևերը կարող են ավելի շատ տարուբերել ճոպանուղին։
Ըստ անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրի՝ հատուկ ծառայությունների զորքերը նույնպես մասնակցում են այս «չափազանց վտանգավոր և ռիսկային գործողությանը»։
Պակիստանի հյուսիսային լեռնային շրջաններում մարդիկ մի գյուղից մյուսը տեղաշարժվելու համար հաճախ օգտվում են ճոպանուղուց։
Պակիստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը հանձնարարել է ստուգել երկրի բոլոր ճոպանուղիների անվտանգությունը։










