Թրամփն օգոստոսի 24-ին Ջորջիայում կներկայանա ոստիկանություն՝ ձերբակալվելու
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով մեղադրվում է 2020 թ.-ին Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքներն անօրինական ճանապարհով փոխելու փորձի համար, օգոստոսի 24-ին կհանձնվի Ջորջիայի Ֆուլթոնի շրջանի ոստիկանությանը։ Ինչպես հաղորդում է CNN-ը, ավելի վաղ փաստաբանները կարողացել են դատախազի հետ համաձայնեցնել 200 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ արձակելու պայմանները։
«Հինգշաբթի ես կգնամ Ջորջիա, Ատլանտա, որպեսզի ինձ ձերբակալեն», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Սպիտակ տան նախկին ղեկավարը պետք է ոստիկանությանը հանձնվի մինչև օգոստոսի 25-ը, սակայն, հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները, նա, հավանաբար, կկարողանա խուսափել խափանման միջոցի վերաբերյալ լսումներին իր անձնական ներկայությունից։ Այդ լսումները տեղի կունենան նրա պաշտոնական ձերբակալությունից հետո։
Ընդհանուր առմամբ, Թրամփի դեմ 4 քրեական գործ է հարուցվել։ Նրա դեմ բոլոր գործերով 91 մեղադրանք է առաջադրվել։ Բացի Ջորջիայում ընտրախախտումների գործից, Թրամփի նկատմամբ գործեր են հարուցվել գաղտնի փաստաթղթերի ապօրինի օգտագործման, ընտրակեղծիքների փորձի և նախագահական արշավի համար հավաքված միջոցների յուրացման վերաբերյալ:










