Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը կարծիքներ են փոխանակել Լաչինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ

14:21 • 23.08.23

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ` համոզմունք հայտնելով, որ նա կգործադրի առավելագույն ջանքեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ դեսպանը շատ ակտիվ է սկսել իր գործունեությունը, ինչը հավաստում է մեր երկրի մեծ բարեկամը լինելու փաստը: Ի պատասխան դեսպանը նշել է, որ ի պաշտոնե իր առաջին այցը եղել է Սյունիքի մարզ, ինչը կարևոր հաղորդագրություն է պարունակում:

ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Ֆրանսիան այսօր Հայաստանի հուսալի գործընկերն է:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների ակտիվ համագործակցությանը եւ հուլիսի 10-13-ը ՀՀ ԱԺ նախագահի Փարիզ կատարած աշխատանքային այցին:

Զրուցակիցները մանրամասներ են բարձրաձայնել տարածաշրջանի անվտանգային իրավիճակից եւ կարծիքներ փոխանակել Լաչինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ:
Երկուստեք պատրաստակամություն է հնչել հետագա փոխգործակցության շարունակականության մասին:

Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը կարծիքներ են փոխանակել Լաչինի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի շուրջ