Մեզ համար կարմիր գիծ է ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն, և նախկին բարքերին վերադարձ չի լինելու. Մանե Թանդիլյան (տեսանյութ)
Իմ մարտավարությունը անկեղծությունն է լինելու: Ես երևանցիների հետ խոսելու եմ ուղիղ, բաց, ինչպես արել եմ միշտ: Այս անգամ պետք է անեմ այնպես, որ նաև լսեն ու հավատան, քիչ է իմ անկեղծ լինելը, ես պետք է կարողանամ այնպես անել, որ այդ անկեղծությունը տեղ հասնի:
Այս մասին ասել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը, կուսակցության քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ:
Մանե Թանդիլյանը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի իրենց կուսակցությունը Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում:
«Մենք պարտավոր ենք իշխանափոխություն անել, որպեսզի կարողանանք Արցախը Ադրբեջանի կազմ ճանաչելու ընթացքը կասեցնենք: Մեզ համար այս պայքարը նրա մասին է, որ մենք ամրեցնենք մեր պետականությունը, և միայն ուժեղ պետությունն է, ուժեղ Հայաստանն է, որ ի վիճակի է պաշտպանել Արցախը»,- ասել է նա:
Թանդիլյանը նաև անդրադաձավ այն փաստին, որ պատրաստ է թիրախավորման:
«Ես ոչ միայն սպասում եմ գրոհի, այլև պատրաստ եմ դրան: Սա նշանակում է լինել ուժեղ ոտքերի վրա կանգնած, սա նշանակում է իմանալ, թե ինչ են պատրաստվում անել, և ունենալ հակամիջոցներ: Նորմալ բան է, որ թիրախավորում են, ես չեմ հասկանում, որ թիրախավորման միջոցով փորձում են ստեղծել պատկեր, որը իրական չէ»,- ասել է նա:
Այն հարցին, թե արդյո՞ք իրենք պատրաստ են համագործակցելու այլ ուժերի հետ Թանդիլյանը պատասխանեց.
«Մեզ համար կարմիր գիծ է ՔՊ-ի հետ որևէ համագործակցություն, և նախկին բարքերին վերադարձ չի լինելու, և բոլոր նրանք, ովքեր նվիրված են լինելու Երևանի ու Հայաստանի զարգացմանը, ովքեր կիսելու են մեր տեսլականը, մենք պատրաստ ենք համագործակցելու»:










