Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոտ 244 միլիոն դոլար կհատկացնի միջուկային վառելիքի գնման համար

13:44 • 23.08.23

Մեծ Բրիտանիան կկարողանա Ուկրաինային տրամադրել 192 մլն ֆունտ (մոտ 244 մլն դոլար), որպեսզի Կիևն ատոմակայանների համար միջուկային վառելիք գնի, այդ թվում՝ բրիտանական ընկերություններից։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության էներգետիկայի նախարար Գրանթ Շեպսը Կիև կատարած իր այցի ընթացքում։

«Այս երաշխիքը, որը մենք կտրամադրենք, պետք է Ուկրաինային օգնի հասնելու այն բանին, որ… ապագայում նրա միջուկային վառելիքը չստացվի Ռուսաստանի միջոցով», - ասել է  Շեպսը։
Նախարարը մանրամասնել է, որ մատակարարներից մեկը կլինի մասամբ բրիտանական Urenco կոնսորցիումը, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։

Ուկրաինան այժմ վերահսկում է իր 4 գործող ատոմակայաններից 3-ը։ Զապորոժիեի ատոմակայանն անցյալ տարվա մարտից անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Այս տարվա մարտին Ուկրաինայի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունում հայտարարել էին, որ երկիրը մտադիր է երեք տարի հետո կազմակերպել ատոմակայանների համար միջուկային վառելիքի սեփական արտադրություն, որը կկարողանա փոխարինել ռուսականին, այդ թվում՝ եվրոպական շուկայում։

Իր հերթին ТАСС-ը հաղորդում է, որ ըստ «Ռոսատոմ»-ի՝ մինչև 2025 թվականը գործող պայմանագրով ուկրաինական ատոմակայանները կապահովվեն ժամանակակից և տնտեսապես արդյունավետ վառելիքով։ Անցյալ տարվա մարտին ուկրաինական «Էներգոատոմ»-ում հայտնել են, որ Կիևը լիովին հրաժարվում է իր ատոմակայանների համար ռուսական վառելիքի գնումներից:

Մեծ Բրիտանիան Ուկրաինային մոտ 244 միլիոն դոլար կհատկացնի միջուկային վառելիքի գնման համար