ՄԱԿ-ի ղեկավարը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակով հրթիռի արձակման փորձը, կոչ արել վերսկսել ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակով հրթիռի արձակման փորձը հակասում է Անվտանգության խորհրդի բանաձևերին, ու կոչ է արել Փհենյանին վերսկսել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները: Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի գրասենյակի ներկայացուցիչ Ֆլորենսիա Սոտո Նինյոյի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ ցանկացած արձակում հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին:
Հյուսիսային Կորեան հինգշաբթի գիշերը բալիստիկ հրթիռ էր արձակել, որը, ենթադրաբար, հետախուզական արբանյակ է: Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արձակումից մոտ 15 րոպե անց հրթիռն անցել է Ճապոնիայի օդային տարածքն Օկինավա պրեֆեկտուրայի շրջանում ու թռչել դեպի Խաղաղ օվկիանոս։ Ճապոնիայում հրթիռի արձակման կապակցությամբ գործարկվել է հանրային արտակարգ նախազգուշացման համակարգը։










