Հզոր և թեթև․ Asus-ը ներկայացրել է նոր խաղային նոթբուք
Համակարգիչների արտադրության ոլորտում հայտնի թայվանական Asus ընկերությունը ներկայացրել է տեխնիկական հզոր տվյալներով նոր յուրօրինակ խաղային մոդել՝ Intel Core i9-13900H պրոցեսորով և ROG NVIDIA GeForce RTX 4090 տեսաքարտով զինված Zephyrus M16 2023 նոթբուքը։

Պահպանելով բարակ և թեթև դիզայնը՝ համակարգիչն իր կորպուսի ողջ մակերեսն ընդգրկող երեք օդափոխիչների և ջերմափոխանակիչների շնորհիվ, օժտված է հովացման կատարելագործված համակարգով, ինչն օգնում է առավել արդյունավետությամբ ապահովել կարևորագույն բաղադրիչների հովացումը։

Zephyrus M16 մոդելի ROG Nebula էկրանն ունի QHD+ (2K) կետայնություն․ այն հնարավորություն է ընձեռում կիրառել սինխրոնացման Adaptive-Sync տեխնոլոգիան՝ ապահովելով գերազանց արագություն։ Համակարգիչն օժտված է 240 ԳՀերց նորացման հաճախականությամբ․ արձագանքման ժամանակը 3 միլիվայրկյան է, ինչը երաշխավորում է պատկերի գերազանց որակ և խաղային սահուն պրոցես։ Հատկանշական է նաև Zephyrus M16 էկրանի 180 աստիճանով ճկվելու հնարավորությունը, ինչը թույլ կտա սարքն օգտագործել ոչ ստանդարտ պայմանններում։

Նոթբուքի գրաֆիկական ենթահամակարգը ներկայացված է նորագույն՝ ընդհուպ մինչև 1505 ՄՀցտակտային հաճախականությամբ GeForce RTX 4090 մոդելի (120 Վտ ROG Boost ֆունկցիայով, հավելյալ 25 Վտ Dynamic Boost ֆունկցիա) համար կիրառվողNVIDIA տեսաքարտի միջոցով։

Մասնագետների հավաստմամբ Zephyrus սերիայի նոթբուքերը իրենց խաղային ուղղվածությանը զուգընթաց կարող են օգտագործվել նաև ամենօրյա խնդիրների լուծման համար, օրինակ՝ ուսումնական նպատակներով։ Բարձր արտադրողականության, որակյալ անփայլ Nebula մատրիցայի և ամբողջական ծավալով ստեղնաշարի շնորհիվ՝ ուսանողները հնարավորություն կունենան առավելագույն արդյունավետությամբ կատարել տարատեսակ առաջադրանքները։
Հարկ է նաև նշել համակարգչի մարտկոցի երկարատև աշխատանքը, որը կարող է բավարար լինել ողջ օրվա համար։ Լիցքավորման համար կարելի է օգտագործել Type-C միջերեսով սնուցման փոքր բլոկ։

Zephyrus M16-ն առաջարկում է տարատեսակ կոնֆիգուրացիաների լայն ընտրություն, ինչի շնորհիվ բավական հեշտ է դառնում առօրյա խնդիրների լուծման համար անհրաժեշտ և գրպանին համապատասխանհամակարգչի ընտրությունը։










