Թրամփը Ջորջիայում ներկայացել է ոստիկանություն, սակայն 20 րոպե անց լքել է բանտը

09:39 • 25.08.23

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ժամանել է Ջորջիայի Ֆուլթոն շրջանի ոստիկանություն՝ հանձնվելու իշխանություններին և ընտրություններին միջամտելու համար կալանավորելու պաշտոնական գործընթացն անցնելու։ ԱՄՆ նախկին առաջնորդի ժամանումը ոստիկանություն ուղիղ եթերով հեռարձակել է CNN-ը։

Թրամփի՝ 10 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը բանտ է ժամանել տեղական ժամանակով ժամը 19։34-ին (երևանյան ժամանակով՝ 05։34)՝ Ատլանտայի օդանավակայանում վայրէջք կատարելուց կես ժամ անց։ Հայտնի է, որ բանտում նրան պետք է խուզարկեին, լուսանկարին և վերցնեին մատնահետքերը։ Ավելի վաղ փաստաբանները կարողացել են դատախազի հետ համաձայնեցնել 200 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ արձակելու պայմանները։

Ֆուլթոն շրջանի ոստիկանություն ժամանելուց հետո Թրամփը պաշտոնապես կալանավորվել է։ Նրա անձնական տվյալները՝ անունը, տարիքը, բնակության հասցեն, արտաքին նկարագրությունն ու մեղադրական հոդվածները հրապարակվել են Ֆուլթոն շրջանի բանտի պաշտոնական կայքում, նա դարձել է համար P01135809 բանտարկյալը։ Այնուամենայնիվ, Թրամփի ժամանումից որոշ ժամանակ անց CNN-ը հաղորդել է, որ նա լքել է բանտը՝ ՔԿՀ-ում մնալով մոտ 20 րոպե, ինչից հետո նրա ավտոշարասյունը կրկին ուղևորվել է Ատլանտայի օդանավակայան։

Նշենք, որ Թրամփը, ով մեղադրվում է 2020 թ.-ին Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքներն անօրինական ճանապարհով փոխելու փորձի համար, իշխանություններն է հանձնվել դատախազության կողմից սահմանված վերջնաժամկետից՝ օստոստոսի 25-ի կեսօրից միայն ժամեր առաջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը պետք է ոստիկանությանը հանձնվի մինչև օգոստոսի 25-ը, սակայն, հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները, նա, հավանաբար, կկարողանա խուսափել խափանման միջոցի վերաբերյալ լսումներին իր անձնական ներկայությունից։ Այդ լսումները տեղի կունենան նրա պաշտոնական ձերբակալությունից հետո։

Ընդհանուր առմամբ, Թրամփի դեմ 4 քրեական գործ է հարուցվել։ Նրա դեմ բոլոր գործերով 91 մեղադրանք է առաջադրվել։ Բացի Ջորջիայում ընտրախախտումների գործից, Թրամփի նկատմամբ գործեր են հարուցվել գաղտնի փաստաթղթերի ապօրինի օգտագործման, ընտրակեղծիքների փորձի և նախագահական արշավի համար հավաքված միջոցների յուրացման վերաբերյալ:

Թրամփը Ջորջիայում ներկայացել է ոստիկանություն, սակայն 20 րոպե անց լքել է բանտը