Սուտ է, մեզ բոլոր վարչական շրջաններում ընդունում են. Ավինյանը՝ թաղային հեղինակություններին դիմելու վերաբերյալ լուրերի մասին
ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է անցկացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ։
Իշխանության քաղաքապետի թեկնածուն լրագրողների հետ ճեպազրույցում սուտ որակեց «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածուի հայտարարությունը, թե Ավինյանը քարոզարշավին քաղաքացիների մասնակցությունն ապահովելու համար դիմում է թաղային հեղինակություններին։
Տիգրան Ավինյանը քարոզարշավի ընթացքը շատ դրական է գնահատում, իրենց բոլոր վարչական շրջաններում ընդունում են։
«Կարծում եմ՝ դա շատ տրամաբանական է, որովհետև այդ մարդիկ վերջին շրջանում տեսել են մեզ բակերում, տեսել են իրենց պահանջները լսելիս և տեսել են այն աշխատանքը, որն իրականացնում ենք իրենց պահանջով»,- պարզաբանեց նա։
Ավինյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր ընտրություններ քաղաքական են և ամեն ընտրություն ունի իր նպատակը։
«Երևանի ավագանու ընտրությունները Երևան քաղաքի մասին են, երևանցիների մասին են, բակերի, մանկապարտեզների, պոլիկլինիկաների մասին են, մեր քաղաքում ապրող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու մասին են»,- հայտարարեց քաղաքապետի թեկնածուն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Ընտրություններին առաջադրվել են 13 կուսակցություն և 1 կուսակցությունների դաշինք։
Հավելենք նաև, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։










