Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի ծավալներին, առաջարկում ենք երթևեկությունն իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցներ. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

10:56 • 26.08.23

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը իր ֆեյսբության էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է Երևանի երթևեկությունn իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցների իրենց կուսակցության ծրագիրը:

Մանե Թանդիլյանի խոսքով՝ Երևանում անկանոն և գերծանրաբեռնված երթևեկության գլխավոր պատճառներից մեկը ոչ միայն ավտոմեքենաների մեծ թիվն է, այլև երթևեկության կազմակերպման սխալ կարգավորումները:

«Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի այն ծավալներին, որոնք իրականում կան: Այդ է պատճառը, որ շատ դեպքերում պարեկային ծառայությունն է տեղում փորձում շտկել իրավիճակը: Դրա կարիքը չի լինի, եթե Երևանում տեղադրված լինեին ինքնակարգավորվող լուսացույցներ»,- նշել է նա:

Ըստ Մանե Թանդիլյանի, «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջարկում է Երևանի երթևեկությունն իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցներ, որոնք, կախված մեքենաների թվից, սահմանում են անհրաժեշտ ժամանակահատվածը կանաչ-կարմիր լուսային ազդանշանների համար:

«Ինքնակարգավորվող լուսացույցները հիմնված են լինելու արհեստական բանականության վրա, որը վայրկյանների ընթացքում գտնում է հնարավոր ամենաարդյունավետ ճանապարհը երթևեկությունը կարգավորելու ոչ թե մեկ խաչմերուկում, այլ ամբողջ քաղաքում միաժամանակ: Ու այս ամենը՝ 2,5 տարում:

Խելացի Երևան-ապրելու Երևան»,- նշել է նա տեսանյությում:

Երևանի լուսացույցները չեն համապատասխանում մեքենաների հոսքի ծավալներին, առաջարկում ենք երթևեկությունն իրական ժամանակում վերլուծող ինքնակարգավորվող լուսացույցներ. Մանե Թանդիլյան (տեսանյութ)