Mercedes-ն Արարատի Նոր ուղի գյուղում հայտնվել է ջրատարում, փրկարարները դուրս են բերել 3 դի. Shamshyan.com (թարմացված, լուսանկարներ)

15:43 • 27.08.23

Օգոստոսի 27-ին ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել: Գրել է Shamshyan.com-ը։

Ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են․ «3 երեխաները Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ էին։ 3-ն էլ անչափահաս տղաներ էին, 3-ն էլ սովորում էին նույն դպրոցում, և հիմա կան կասկածներ, որ բացի այդ 3 երեխաներից, 1 հոգի նույնպես եղել է այդ ավտոմեքենայում»։

Արարատի ոստիկաններն ու Վեդու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածներն են Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ՝ 15-ամյա Սպարտակ Շ․-ն, 15-ամյա Էրիկ Ղ․-ն և 13-ամյա Վիտալի Ս․-ն։ Բոլորն էլ սովորում էին Նոր կյանք գյուղի հիմնական դպրոցում։ Այս պահին օպերատիվ տվյալներով պարզվել է, որ ավտոմեքենայում եղել են նշված անձինք, 4-րդ անձ չի եղել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ ով է վարել ավտոմեքենան։

 

Mercedes-ն Արարատի Նոր ուղի գյուղում հայտնվել է ջրատարում, փրկարարները դուրս են բերել 3 դի. Shamshyan.com (թարմացված, լուսանկարներ)