Ֆրանսիայի հանրակրթական դպրոցներում աշակերտուհիներին արգելել են աբայա կրել
Ֆրանսիայի հանրակրթական դպրոցներում աշակերտուհիներին արգելել են աբայա (ավանդական մահմեդական զգեստ) կրել, հայտնում է BBC-ն։
ֆրանսիայում խստիվ արգելվում է պետական դպրոցներում ու կառավարական շենքերում կրոնական պատկանելությունը ցուցադրել։ Ավելին՝ 2004 թվականից ֆրանսիական դպրոցներում արգելվում է գլխաշոր կրել։
«Դասասենյակ մտնելիս չպետք է կարողանաք որոշել աշակերտի կրոնական պատկանելությունը միայն նրան նայելով: Ես որոշել եմ, որ աբայա այլևս պետք չէ կրել դպրոցներում», - նշել է Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Աթալը:
Կրոնական պատկանելությունից ելնելով՝ աշակերտուհիներն ավելի ու ավելի հաճախ են աբայա կրում դպրոց հաճախելիս, ինչը քաղաքական քննարկումների պատճառ է դարձել։ Աջակողմյան կուսակցությունները կողմ են այն արգելելուն, մինչդեռ ձախակողմյան քաղաքական ուժերն իրենց անհանգստությունն են արտահայտում մահմեդական կանանց ու աղջիկների իրավունքների ոտնահարման համար։
Ամիսներ տևած քննարկումներից հետո ի վերջո Կրթության նախարարությունը նման հագուստն արգելելու որոշում է կայացրել։ Արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 4-ից, երբ երկրում մեկնարկի նոր ուսումնական տարին։










