Նիգերիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են մի քանի գաղտնի նավթավերամշակման գործարաններ

20:17 • 28.08.23

Նիգերիայի ռազմաօդային ուժերը դիպուկ հարվածներով ոչնչացրել են մի քանի գաղտնի նավթավերամշակման գործարաններ երկրի հարավում: Այս մասին հայտնել է ռազմաօդային ուժերի հասարակայնության հետ կապերի պաշտոնական ներկայացուցիչ Էդվարդ Գաբկվետը՝ գրել է ТАСС-ը՝ հղում անելով հարավաֆրիկյան SABC ռադիոկայանին։

Նրա խոսքով՝ օպերացիան իրականացվել է օգոստոսի 27-ին Նիգերի գետի դելտայում, լիկվիդացվել են մի քանի ստորգետնյա նավթավերամշակման գործարաններ։ «Օդային հարվածը ոչնչացրել է նաև գողացված նավթ տեղափոխող նավը»,- ընդգծել է Գաբկվետը։

Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Նիգերիան նավթի արդյունահանման ծավալներով Սահարայից հարավ առաջատարն է Աֆրիկայում, սակայն դրա մի զգալի մասը գողանում են։ Նիգերիայի կառավարության տվյալներով՝ հանցավոր խմբավորումները երկրում օրական գողանում են մինչև 400 հազար բարել նավթ։

Նիգերիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են մի քանի գաղտնի նավթավերամշակման գործարաններ