Գաբոնում զինվորականները հայտարարել են իշխանության զավթման մասին

11:21 • 30.08.23

Գաբոնում զինվորականները հայտարարել են, որ զավթել են երկրում իշխանությունը, ցրել պետական բոլոր մարմինները և ստեղծել Հաստատությունների անցման ու վերականգնման կոմիտե։ 

Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական Gabon 24 հեռուստաալիքը:

«Այսօր մենք՝ պաշտպանության և անվտանգության ուժերս, հավաքվել ենք Հաստատությունների անցման և վերականգնման կոմիտեում, Գաբոնի ժողովրդի անունից որոշել ենք պաշտպանել խաղաղությունը՝ վերջ դնելով ներկայիս ռեժիմին։ Այդ նպատակով չեղյալ են հայտարարվում 2023 թ. օգոստոսի 26-ի համընդհանուր ընտրությունները, ինչպես նաև դրանց նախնական արդյունքները: Սահմանները փակ են մինչև կլինի հետագա ծանուցում, իսկ հանրապետության բոլոր հաստատությունները լուծարված են», - հայտարարել են նրանք։

Զինվորականների հարձակումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց օգոստոսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում Ալի բեն Բոնգո Օնդիմբայի հաղթանակի մասին, որի օգտին քվեարկել է ընտրողների 64,27%-ը։ Նա վերընտրվել է երրորդ ժամկետով։ 64-ամյա Ալի բեն Բոնգո Օնդիմբան իշխանության է եկել 2009 թ. աշնանը՝ նախագահի պաշտոնում փոխարինելով իր հորը՝ Գաբոնի երկրորդ նախագահ Օմար Բոնգո Օնդիմբային, որն իշխանության ղեկին էր 41 տարի։ Գաբոնի սահմանադրությունը չի նախատեսում նախագահական ժամկետների սահմանափակումներ։

Թե որտեղ է այժմ գտնվում նախագահը, հայտնի չէ։ Իշխանությունները դեռևս որևէ պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակել։

Գաբոնում զինվորականները հայտարարել են իշխանության զավթման մասին