Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ու ամուսինը Կապանում ՀԷԿ կառուցելու համար լիցենզիա են ստացել, որից հետո պատգամավորը վաճառել է մասնաբաժինը

16:12 • 31.08.23

ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու  ամուսնուն պատկանող «Ջիմել» ՍՊԸ-ն լիզենցա է ստացել Կապանում  ՀԷԿ կառուցելու համար, բայց լիզենցիան ստանալուց հետո ընդդիմադիր պատգամավորը վաճառելէ իր մասնաբաժինը։ Այս  մասին Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց Աննա Գրիգորյանը։

«Այլևս այդ ընկերությունում փայատեր չեմ հանդիսանում, որովհետև իմ 50 տոկոս մասնաբաժինը վաճառել եմ լիցենզիան ստանալուց հետո»,- տեղեկացրեց նա։

Պատգամավորի խոսքով, իր տեղեկություններով, որևէ ներդրում դեռ չի արվել, ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները դեռ չեն սկսվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ  Tert.am-ը, հղում անելով ենք azdarar.am կայքում տեղադրված հայտարարությանը գրել էր, որ Սյունիքի մարզի Կապան համայնքում գրանցված «Ջիմել» ՍՊԸ-ն, որի 50 տոկոս մասնաբաժինը պատկանում է ԱԺ  «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանին, դեռևս 2020  թվականի հուլիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից լիցենզիա է ստացել՝ ՀԷԿ-ի կառուցման և էլեկտրաէներգիա արտադրելու համար, բայց մինչ օրս չի սկսել կառուցման աշխատանքները։

Համաձայն azdarar.am-ի՝ ՀԷԿ-ը կառուցվելու է Գեղի գետի` Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարի վրա, տարեկան արտադրելու է 1,6 մլն կՎտ/ժ էներգիա, ներդրումների ծավալն էլ  առանց ԱԱՀ-ի կազմելու է 118.1 մլն դրամ։

ՀԾԿՀ-ից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ «Ջիմել»  ՍՊԸ-ին լիցենզիան տրվել է մինչև 2038 թվականի հուլիսի 2-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 2-ը։

 Հատնել էինք, որ  «Ջիմել» ՍՊԸ-ին ՍՊԸ-ի տնօրենը ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունեցող պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսինն է՝ Դավիթ Մելիքյանը, որը 2018 թվականին սնանկ է ճանաչվել։

Աննա Գրիգորյանը հավաստիացրեց, որ ամուսինը ևս ընկերությունում  մասնաբաժին չի ունեցել, այլ տնօրենն է։

«Տեխնիկական հարց է, որ իմ ամուսինը դեռ տնօրեն է, ով գնել է ընկերությունը, նա պետք է տնօրեն նշանակվի, և իմ ամուսինն էլ արդեն կազատվի աշխատանից»,-  մեկնաբանեց պատգամավորը։