ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների երկու հարձակման փորձի մասին

15:04 • 31.08.23

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման երկու փորձի մասին։ Ինչպես նշված է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական թելեգրամյան ալիքում՝ ակաբեկչության փորձերը կանխվել են։

«Ս․թ․ օգոստոսի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 11։00) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու  հերթական փորձը: Անօդաչու թռչող սարքը ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ:

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Որոշ ժամանակի անց ՌԴ ռազմական գերատեսչությունը հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի երկրորդ հարձակումը կանխվելու մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անօդաչուն խոցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 12։00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 13։00)։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների երկու հարձակման փորձի մասին