Հարավաֆրիկյան Հանրապետությունում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 73-ի

13:23 • 31.08.23

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքի բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 73-ի, ավելացել է նաև վիրավորների թիվը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Յոհանեսբուրգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մուլաուձիին։

«Վերջին տվյալներով՝ զոհվել է 73, վիրավորվել՝ 52 մարդ»,- գրել է Մուլաուձին X սոցցանցի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում:

Նա նաև հավելել է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

SABC հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է հինգհարկանի շենքում, որտեղ, ենթադրաբար, մարդիկ անօրինական են ապրել։ Ինչպես ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է Մուլաուձին, հրդեհը կարող է պայմանավորված լինել էլեկտրացանցին անօրինական միացմամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է 56 զոհի և 43 տուժածի մասին։

Շենքում հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով գիշերը ժամը 01:30-ի սահմաններում: Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջները տարհանել են բոլոր բնակիչներին։

Հարավաֆրիկյան Հանրապետությունում բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 73-ի