Աղդամի ճանապարհից հրաժարվելը կարող ենք որակել միայն ռասիզմ և խտրականություն․ Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ցանկացած բեռ կարելի է կարճ ժամանակում հասցնել Ստեփանակերտ Ակնայի ճանապարհով։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն ավելի մեծ թողունակություն ունի և ավելի արդյունավետ է։
«Այս ճանապարհն անցնում է հարթ տեղանքով և թույլ է տալիս կապել Ադրբեջանի հիմնական մասը «Խանքենդի» (Ստեփանակերտ - խմբ․, չակերտները՝ Tert.am-ի) քաղաքի և Ղարաբաղի այլ շրջանների հետ։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ - խմբ․, չակերտները՝ Tert.am-ի) ճանապարհը թույլ է տալիս շատ կարճ ժամանակում ցանկացած ապրանք հասցնել «Խանքենդի» (չակերտները՝ Tert.am-ի) և մոտակա շրջաններ», - ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ այս ճանապարհից հրաժարվելն իրենք կարող են որակել միայն որպես «ռասիզմ և խտրականություն»։
«Ադրբեջանը մտադիր է վերաինտեգրման գործընթացը սկսել ճանապարհների բացմամբ։ Որպես վերաինտեգրման գործընթացի անբաժանելի մաս, Ադրբեջանը պատրաստ է ապահովել Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ հիմնվելով Ադրբեջանի Սահմանադրության և միջազգային փաստաթղթերի վրա», - ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։
Անդրադառնալով Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու՝ Հայաստանի ու Ֆրանսիայի ջանքերին, Հաջիևը շեշտել է, որ «Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում որևէ գորշ գոտու առկայություն»։ Նրա խոսքով՝ «Հայաստանն առանց Ադրբեջանի համաձայնության դեպի Ադրբեջանի սահման՝ «Լաչին» անցակետի մոտ է բերում տարբեր բեռնատարներ»։
«Երեկ այդ թատերական դրամայի շրջանակներում Ադրբեջանի սահման են ժամանել նաև եվրոպացի կոռումպացված քաղաքական գործիչներ, որոնք գտնվում են հայկական լոբբիի ազդեցության տակ։ Նման քայլերն անիմաստ են։ Նման ցուցադրական քայլերի փոխարեն իրական հարցերը պետք է լուծվեն տեղում», - նշել է նա։










