Արցախցի մայրը սոված երեխան գրկին հայտարարում է՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ. Իշխան Սաղաթելյան

15:08 • 31.08.23

Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է անախադեպ դիմադրություն: Արցախցի մայրը սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ:

«Վստահ եմ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել, և այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը:

Եվ այս տոկունությունն ու համառությունը, իր հողին կառչած մնալու և պայքարելու արցախցու կամքը ստեղծում է նոր իրավիճակ, քաղաքական նոր դասավորություն:

Վերջիվերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը:

Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի Հանրապետության կողքին, արցախցու պայքարի կողքին, քանի որ դա հայ ժողովրդի լինելության պայքարն է»,- նշել է գրառման մեջ:

Արցախցի մայրը սոված երեխան գրկին հայտարարում է՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ. Իշխան Սաղաթելյան